Հյուսիսային Լոռի

Պատմական հայկական տարածքների այս կամ այն հարևան պետության կազմում գտնվելու փաստը ներկայումս ՀՀ-ին ստիպում է այդպիսի պետությունների հետ վարել զգուշավոր, իսկ շատ դեպքերում հարաբերությունների անցանկալի վատացումներից խուսափելու պատրվակով նաև` կրավորական քաղաքականություն: ՀՀ-ի համար այդպիսի պետություն է Վրաստանը: Իսկ այդպիսի տարածքներ են Սամցխե-Ջավախք-Ծալկան և Հյուսիսային Լոռին (պատմական հայկական Լոռու տարածաշրջան, որի միայն հարավային` ներկայիս ՀՀ Լոռու մարզի հատվածն է գտնվում ՀՀ կազմում, մնացյալ (հյուսիսային) կազմում է ներկայիս Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի մեծ մասը, որը ժամանակի ընթացքում ստացել է «Բորչալու», «Հայկական Բորչալու» անվանումները: Այդ նահանգի կազմում է ընդգրկված նաև Ծալկայի նախկին վարչական շրջանը: Ելնելով այս հանգամանքից մենք մինչ այժմ տարբեր շրջանակներում գործածվող «Բորչալու», «Հայկական Բորչալու» անվանումների կողքին մատնանշել ենք ճշգրիտ` «Հյուսիսային Լոռի» տեղանվանումը): ՀՀ-ն և Վրաստանը տարբեր պատմական փաստերի ու իրադարձությունների անտեսման հիմքի վրա այժմ ձգտում են պահպանել ավանդական «բարիդրացիական» հարաբերությունները:
1918թ. Վրաստանում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան, նշանավոր դիվանագետ և քաղաքական-հասարակական գործիչ Արշակ Ջամալյանի խոսքերով ասված` «…Պատահել են դեպքեր, երբ երկու երկրների սահմանամերձ նախարարություններն իրար դեմ ոտնձգություններ են կատարել, իրարից կալուածներ յափշտակել, եղել են շրջաններ, երբ Հայաստանը իր իշխանության տակ է առել ամբողջ Վրաստանը կամ, ընդակառակը, վերջինս իր տիրապետությունը տարածել է մինչև Անի և մինչև Սևանաց լիճը, վերջապես տեղի են ունեցել կրօնական վեճեր երկու կողմերի կղերականութեանց միչև, երեան են եկել արտաքին օրիենտասիոնի թեթև տարբերություններ ևն: Սակայն զարմանալի կերպով այդ տարաձայնություններն ու վէճերը երբեք ազգային հակամարտութեան բնույթ չեն ստացել հայ և վրացի ժողովուրդների համար: Անգամ այն դեպքերում, երբ այս հարևաններից մէկը զօրեղանալով իրեն է ենթարկում միւուսին` նրանց հարաբերությունները ընդհանուր առմամբ չեն աւրւում: Երկուսի պատմությունն էլ անընդհատ պատերազմների մի շարան է ներկայացնում. սակայն, նրանց տարեգրության մեջ հայ-վրացական պատերազմի մասին յիշատակություն չկա: Չգիտենք գոյություն ունի՞ն պատմության մեջ ուրիշ երկու ազգեր էլ, որոնք այսքան մօտիկ հարևանության մեջ հազարաւոր տարիներ ապրած լինելով հանդերձ, ոչ մի անգամ պատերազմած չլինին իրար դեմ» (Ջամալեան Ա., Հայ-վրացական կնճիռը, Հայրենիք, Բոստոն, 1928, 28 ապրիլ, էջ 77):
Այս ամենով հանդերձ, 1918թ. դեկտեմբերի երրորդ և չորրորդ շաբաթների ընթացքում խախտվեց պատմական այս «օրինաչափությունը». Հայաստանը և Վրաստանը այս երկու շաբաթների ընթացքում գնացին միմյանց դեմ զինված առճակատման: Սա երկու կողմերի միջև տեղի ունեցած առաջին (և թերևս վերջին) պատերազմն էր:
Այս պատերազմը և հետագա 2-3 տարիների իրադարձություններն էին, որ պիտի ճակատագրական նշանակություն ունենային պատմական Հայաստանի հյուսիսային մի քանի տարածաշրջանների` Սամցխեի (ներկա Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի շրջանային սակրեբուլոների տարածքները կամ պատմական Ախալցխայի գավառը), Ծալկայի (ներկա Ծալկայի շրջանային սակրեբուլոյի տարածքը կամ պատմական հայկական Թռեղք գավառը), Ջավախքի (ներկա Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային սակրեբուլոների տարածքները կամ պատմական հայկական Ախալքալաքի գավառը), ինչպես նաև Հյուսիսային Լոռու` Հայաստանից անջատելու և Վրաստանին բռնակցելու գործընթացում:
Խորհրդային շրջանում հասկանալի պատճառներով այս ամենը քողարկվում էր` «հարևանների բարեկամություն» արտահայտությունը սփռելով ճշմարտության վրա: Հետխորհրդային շրջանում հայ պատմագիտության շրջանում առկա սառույցը կամաց սկսեց հալվել: Եվ միայն վերջին մի քանի տարիներին հայ պատմագիտության անհասկանալի լռության մեջ եզակի թվով պատմաբաններ սկսեցին այս հարցերի անաչառ լուսաբանման ուղղությամբ տանել աշխատանքներ (Մելքոնյան Ա. Ա., Ջավախք: Պատմության ուրվագծեր. Երևան, 1999 (1), Մելքոնյան Ա. Ա., Ջավախքը XIX դարում և XX դարի առաջին քառորդին. Երևան, 2003 (2), Կարապետյան Մ., Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920թթ), Երևան, 1996 (3), Գալոյան Գ. Ա., Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923թթ., Երևան, 1999 (4), Հրանտ Ավետիսյան, Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, 1997թ. (5), Գևորգյան Համլետ, Դրո, Երևան 1999 (6), Սարդարյան Կտրիճ, Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921թթ, Երևան, 2002 (7), Վիրաբյան Վանիկ, Վրաց-հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները, Երևան, 2003 (8)): Իրենց գործերում այս կամ այն ձևով այս հարցին են անդրադարձել նաև այդ ժամանակաշրջանի հայ նշանավոր հասարակական-քաղաքական, ռազմական գործիչներ Ս. Վրացյանը, Հովհ. Քաջազնունին, Ռուբեն Տեր-Մինասյանը, Ալ. Խատիսյանը և այլոք:
Իր տեսակի մեջ առանձնանում է տաղանդավոր դիվանագետ, դեպքերին ամենամոտ կանգնած մարդու` Արշակ Ջամալյանի «Հայ-վրացական կնճիռը» 1928-1929թթ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս տեսած հոդվածաշարքը (9), որոնցում արված վերլուծություններն ու դատողությունները լրիվ չափով կիրառելի են այսօրվա ստեղծված իրավիճակի վրա, դատողություններ, որոնցով կարելի է առաջնորդվել մինչև այսօր և ապագայում: Սույն աշխատանքը ևս փորձել ենք կառուցել այդ հենքի վրա, միաժամանակ համադրության ձևով օգտագործելով նաև այսօրվա պատմաբանների տեսակետները:
1918 թվականին նոր աշխարհաքաղաքական իրողություն էր ստեղծվել աշխարհում և մասնավորաբար` Անդրկովկասում: Ռուսաստանում հաստատված բոլշևիկյան վարչակարգը մտածելով միայն սեփական վարչաքաղաքական դիկտատուրայի հաստատման մասին, կնքելով Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, փաստորեն դուրս եկավ I համաշխարհային պատերազմից` իր տիրապետության տակ գտնվող շատ ու շատ ժողովուրդների թողնելով բախտի քմահաճույքին: Թուրքիան դարձավ առավել սանձարձակ, փորձելով էլ առավել անսասան դարձնել իր դիրքերն Անդրկովկոսում:
Այս ընթացքում իրենց անկախության ուղին բռնած Հայաստանը և Վրաստանը ձգտում էին հողերի պատկանելության հարցում հանդես բերել սեփական մոտեցումները: Դեռևս մինչ հեղափոխական շրջանը վրաց քաղաքական ուժերից Սոցիալ-Դեմոկրատներն ու Սոցիալիստ-Ֆեդերալիստները, հակառակ վրաց ազգայնականների առանձին բարբաջանքների, կողմ էին այն տեսակետին, որ Անդրկովկասում վարչական բաժանումները պետք է անցկացվեն ըստ ազգային պատկերի: Նշենք որ այդ տեսակետին էին նաև հայկական կողմի ներկայացուցիչները, հանձինս Հայ Հեղափոխական Դաշնակցության: Վրա հասած առաջին համաշխարհային պատերազմը և հեղափոխություննրը Ռուսաստանում փոխեցին ամեն ինչ: Մինչ այս ամենը. երբ Անդրկովկասի ժողովուրդները և իրենց կուսակցությունները ազգային սահմանների ճշտման հարցերով էին զբաղված, վրաց կուսակցություններից Սոցիալ-Դեմոկրատականն ու Սոցիալիստ-Ֆեդերալիստները, բացի Ազգային Դեմոկրատական Կուսակցությունից, անվերապահորեն ընդունում էին Ախալքալաքի և Բորչալուի (Հյուսիսային Լոռի) հայկական լինելու փաստը: Գավառներ, որոնցից առաջինում 76,446 հայի դիմաց կար 6578 վրացի, իսկ երկրորդում` բնակչության 63,148 հայերի հետ ապրում էին միայն 7533 վրացի բնակչության («Կովկասյան Տարեցոյց», 1912 և 1913թթ.):
Իսկ Փետրվարյան հեղափոխությունից հետո, 1917թ. ամռանը հատուկ խորհրդակցություն է հրավիրվում Պետերբուրգում` այս հարցերի քննության համար: Խորհուրդը Զուրաբ Ավալովի գլխավորությամբ, քննելով հայկական սահմանգծումների ծրագիրը, այն չնչին փոփոխություններով ներկայացնում է Անդրկովկասի Հատուկ Կոմիտեին` (ՕԶԱԿՈՄ): 1917թ. ամռանը և աշնանը տեղի ունեցած 3 խորհրդակցությունների ընթացքում (Ն. Ժորդանիայի, Ա. Չխենկելու, Ն. Ռամիշվիլու նախագահություններով) միասնականորեն պաշտպանվում է Ախալքալաքի և Բորչալուի (Հյուսիսային Լոռի)` հայկական լինելու հանգամանքը, սակայն հարցն օրինական լուծում չի ստանում:
Իսկ այս ամբողջ ժամանակամիջոցում, երբ արդեն Անդրկովկասում կազմավորվել էին Ազգային Խորհուրդները, Ախալքալաքն ու Բորչալուն (Հյուսիսային Լոռի) ենթարկվում էին բացառապես Հայոց Ազգային Խորհուրդին:
Հետաքրքրական է, որ 1917թ. Անդրկովկասում տեղի ունեցած զորքի ազգայնացման ժամանակ եթե Սղնախի կամ Գորիի հայերը զինվորագրվել են վրացական գնդերում, ապա Ախալքալաքի և Բորչալուի (Հյուսիսային Լոռի) հայերը զինվորագրվել են միմիայն հայկական գնդերում ([9]1928թ., 28 ապրիլ, էջ 89): Իսկ 1917թ. վերջին արդեն ձևավորվել էր Ախալքալաքի Ազգային խորհուրդը` դաշնակցական Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ: Խորհուրդը մեծ աշխատանք է տանում ակտիվացած թուրք-մեսխեթցիների սանձարձակությունները զսպելու ուղղությամբ ([2], էջ 271):
Վրա հասած 1918թ. թուրքական արյունալի արշավանքների ժամանակ Ախալքալաքի և Հայկական Բորչալուի (Հյուսիսային Լոռի) պաշտպանության հոգսն ընկած էր Հայոց Ազգային Խորհրդի վրա: «Վրաց Ազգային Խորհուրդը յետոյ և կառավարությունը, որոնց ղեկավարներն էին Ն. Ժորդանիան և իր կառավաութիւնը, մատը մատին չխփեցին այդ գաւառների պաշտպանության համար: Միակ բանը, որ նրանք արին այն էր, որ ինչպես յետոյ կըտեսնենք, գերմանացիների օգնությամբ գրավեցին Հայկական Բորչալուի մի քանի ռազմական դիրքերը, որպեսզի …Թիֆլիսը պաշտպանեն Թիւրքական ներխուժումից» ([9]1928թ., 28 ապրիլ, էջ 89): Վրացական այս «հատուկ վերաբերմունքը» հայկական այս 2 գավառների և նրանցում ապրող հայ ժողովրդի նկատմամբ իր դաժանության գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ վրաց կառավարությունը շինծու պատճառներով թույլ չտվեց այդ գավառներից դեպի Վրաստանի խորքերը գաղթող ժողովրդին անցնել Թրիալեթի (Թռեղքի) լեռները: Միտումնավոր այս քայլին զոհ գնաց շուրջ 50-60 հազար հայություն… Այս ամենին զուգահեռ, երբ վրաց իշխանությունները սեփական քայլերով «ապացուցում» էին այս գավառների` Վրաստանից բազմակողմանի օտարված լինելը, իշխանությունները, փաստորեն, տենդագին նախապատրաստվում էին հայամաքրումից հետո բռնազավթելու վերջիններս: Այսպես` Ախալքալաքը և Ախալցխան գրավված էին արդեն թուրքերի կողմից, և, փաստորեն, վրաց ղեկավարությունը վերջիններիս նկատմամբ գտնվում էր դեռևս սպասողական վիճակի մեջ, իսկ Բորչալուի (Հյուսիսային Լոռի) պարագայում մինչ 1918թ. վրաց-հայկական պատերազմը տեղի ունեցավ հետևյալը. նախ նույն թվականի հունիսին Բորչալու (Հյուսիսային Լոռի) գավառի մեծ մասը (հյուսիսային /թաթարական/ շրջանով հանդերձ) գերմանական զորամասի օգնությամբ գրավվեց վրացիների կողմից: Պատճառաբանությունը հայտնի էր. թույլ չտալ թուրքական զորքերին միանալու այս շրջաններում ապստամբած թաթարների հետ, որոնք փորցում էին Հյուսիսային Բորչալուի թաթարական այս շրջանները միացնել Ադրբեջանին:
«Եվ ահա, որպեսզի այս ակամայ վարմունքը որևէ թիւր մեկնաբանության տեղիք չտայ հայերի մօտ, վրաց կառավարության և Ազգային Խորհրդի ներկայացուցիչները - Նոյ Րամիշվիլին և Նոյ Ժորդանիան գալիս են Հայոց Ազգային Խորհուրդը և հանդիսավոր կերպով հայտարարում նրան յանձինս Ա. Ահարոնեանի, Ա. Խատիսյանի և Յ. Քաջազնունիի, թե իրենք, ինչպես առաջ, նույնպես և այժմս Հայկական Բորչալուն (Հյուսիսային Լոռի) Հայաստանի մասն են համարում, թե այդ գավառի որոշ մասերը իրենք գրավել են միմիայն թիւրքական ներխուժումից Վրաստանի սահմանները պաշտպանելու համար և թե հենց որ այդ վտանգը անցնի, նրանք կը թողնեն գրաւած հայկական հողերը» ([9]1928թ., 28 ապրիլ, էջ 90):
Կողմերի համաձայնությամբ ստեղծվում է սահմանների ճշտման հանձնաժողով, սկսվում են խորհրդակցությունները, որոնք սակայն շատ շուտով պիտի ընդհատվեին. վրաց կողմի ներկայացուցիչները, նախագահող Ի. Ծերեթելու գլխավորությամբ լկտիաբար հայտարարեցին, որ երկու երկրների սահմանը գծվի այսպես. Վրաստանին միանան ոչ միայն գրաված Հայկական Բորչալուն, այլև Ղազախ գավառը, իսկ թուրքերի քաշվելուց հետո նաև Ախալքալաք գավառը Ալեքսանդրապոլ գավառի Փամբակի շրջանը ([9]1928թ., 28 ապրիլ, էջ 91): Իսկ երբ զարմանքից ապշած հայկական կողմը` Խ. Կարճիկյանի գլխավորությամբ, պատրաստվում էր նոր բանակցությունների, արդեն պարզ է դառնում, որ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը սեփական հայեցողությամբ արդեն գծել էր հայ-վրացական սահմանը` իր մեջ ներառելով Հայկական Բորչալուն (Հյուսիսային Լոռի) և Ախալքալաքն ու Ախալցխան: Ղազախի և Փամբակի հարցերի մեջտեղ բերելը դառնալու էր արդեն հետագա հողային առևտրի առարկա: Կապված տրանսպորտային խնդիրների հետ, հայկական կողմը պետք է միայն հեռագրերով բողոքեր այս ամենի դեմ, մինչև որ վերջիններս փոխակերպվեցին ռազմական գործողությունների` ուղղված վրացական այս անարդարությունների…
1918թ. հոկտեմբերի 30-ին I աշխարհամարտում պարտված Թուրքիան անձնատուր եղավ: Կնքվեց Մուդրոսի զինադադարը, որով վերջինս ետ էր քաշվելու մինչ 1914թ. ռուս-թուրքական սահմանը: Սկսվեց թուրքական զորքերի դանդաղ պարպումը Անդրկովկասի զավթած շրջաններից: Ինչպես այս մասին հանգամանորեն անդրադառնում է պատմաբան Ա. Ա. Մելքոնյանը, թուրքական զորքերը, հեռանալով Լոռի-Բորչալուի և Ախալքալաք-Ախալցխայի շրջաններից, միաժամանակ և' հայկական, և' վրացական կողմերը հավաստիացրեցին այդ տարածքների` կողմերից յուրաքանչյուրին պատկանելու հանգամանքը: Իսկ վերջիններիս հեռանալուց հետո կողմերը կարծես շտապեցին տիրանալու իրենց թողնված «օրինավոր ժառանգություններին»: Նոյեմբերի 29-ին Վրաստանի պառլամենտի անդամ և Հայաստանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ս.Մդիվանին Հայաստանի արտաքին գործերի նախարարին է ուղղվում գրավոր հաղորդագրություն, որտեղ հայտնելով իրեն տրված` հայ-վրացական սահմանագծումների մասին, լիազորությունների հետ միաժամանակ ասվում էր. «Վրաստանի Հանրապետության կառավարության կարծիքով սահմանագիծը Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների միջև պետք է անցնի նախկին Թիֆլիսի նահանգի հին սահմանով, այսինքն` ներկայումս Ախալքալաքի և Բորչալուի գավառները նախկին Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառից բաժանող գծով`հարավային կողմից, իսկ արևելան կողմից` այն գծով, որ բաժանում է Բորչալուի գավառը նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառից, և խնդրում է Ձեզ տեղեկացնել ինձ, հանդիպու՞մ է արդյոք այն որևիցե առարկության Հայաստանի Հանրապետության կողմից ընդդեմ սահմանների այդպիսի ուղղորդման և նրա առարկություննրը»([8] էջ 109): Ի պատասխան դրան, 1918թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Ս. Տիգրանյանը ուղարկում է համապատասխան նոտա. «Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների միջև սահմանագծի ուղղվածության հարցում հայկական կառավարությունը ելնում է այն սկզբունքներից, որոնք միշտ բաժանվել են հայկական և վրացական դեմոկրատիաների ղեկավար շրջանների կողմից և բազմիցս անցկացվել են 1917թ. ընթացքում և այս տարվա ընթացքում մի շարք խորհրդակցությունների և հաստատությունների կողմից, որոնք մշակել և քննարկել են նշված հարցը: Վրացական և հայկական ներկայացուցիչների համաձայնությամբ որոշված սահմանագծի հիմքում ընկած է, ինչպես հայտնի է ռեալ ազգային-տարածքային տարաբնակեցման ազգագրական սկզբունքը, այդ սկզբունքի շեղմամբ հօգուտ Վրաստանի` ելնելով տեղագրական անհրաժեշտության նկատառումներից: Ըստ տարածքների սահմանազատման այդ սխեմայի, որն ընդունված է և վրացական պաշտոնական շրջանների կողմից, վեճի ենթակա չէ Ախալքալաքի գավառն ամբողջովին և Բորչալուի գավառի մեծ մասը, ուր հայ բնակչությունը կազմում է բացարձակ մեծամասնություն, դրանք կազմում են Հայաստանի անքակտելի մասը» ([8] էջ 110):

Մինչ պատերազմական գործողությունների անդրադառնալը, անհրաժեշտ ենք համարում դիվանագիտական այս պատերազմի մասին պատմաբան Վ. Վիրաբյանի վերոնշյալ աշխատությունից մեջբերել ևս մի դրվագ. որն առավել ընդգծելի է դարձնում վրացական կողմի չափ ու սահմանն անցած պահանջները` հայկական գավառների նկատմամբ. «1918թ. դեկտեմբերի 1-ին նախարարների (Հայաստանի- Վ. Ս.) խորհրդի նիստում արտաքին գործերի նախարարը զեկուցում է Վրաստանի ներկայացուցիչ Ս. Մդիվանիից ստացված գրության մասին հայ-վրացական սահմանների վերաբերմամբ, և ներկայացնում իր պատասխանի նախագիծը: Կառավարության անդամները որոշում են` համաձայնվելով արտաքին գործերի նախարարի առաջադրած տեսակետների հետ, հանձնարարել նրան տեղեկացնել պարոն Մդիվանու միջոցով Վրաստանի կառավարությանը, որ եթե վերջինս հակառակ մինչև հիմա տեղի ունեցած բանակցությունների և սկզբունքային համաձայնությունների այժմ հայտարարում է ամբողջ Թիֆլիսի նահանգը (ի բաց չառելով Ախալքալաքի գավառը և Բորչալու գավառի հայկական մասը) Վրաստանին պատկանող, Հայաստանի կառավարությունը իր կողմից վիճելի կհայտարարի Թիֆլիսի գավառը Թիֆլիս քաղաքով հադերձ»([8], էջ 111-112):
Ինչևէ: Մինչև 1918թ. դեկտեմբերն արդեն Լոռու մեծ մասը գերմանացիների օգնությամբ բռնազավթվել էր վրացական զորքերի կողմից: «Սակայն, հազիւ մեր պահակները հաստատուել էին թիւրքերից լքուած պահականոցներում, երբ Ժորդանիայի կառավարությունը վերջնագրի ձևով ազդարարեց մեզ հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Հայկական Բորչալու (Հյուսիսային Լոռի – Վ. Ս.)` ամենավճռական ընդդիմութեան կը հանդիպի իր կողմից. որովհետև իր որոշմամբ Բորչալու (Հյուսիսային Լոռի – Վ. Ս.) գավառն ամբողջապէս, իբրև մասը Թիֆլիս նահանգի, մտնում է Վրաստանի սահմանների մեջ» ([9]1928թ., 28 ապրիլ, էջ 92): Այս ամենին գումարվել էր նաև վրաց զինվորականության ծայրաստիճան թշնամական վերաբերմունքը հայ ազգաբնակչության նկատմամբ, որոնք շատ ու շատ հայկական գյուղերում ուղեկցվել են թալանով, չարաշահումներով, եղել են անգամ բռնաբարության դեպքեր: Լոռու հայ գյուղացիությունը ծայրաստիճան ընդվզեց հատկապես այն ժամանակ, երբ վրաց կառավարությունը հատուկ օրենքով սկսեց վրացական բանակ զորակոչել տեղի հայ երիտասարդներին: Հայկական կողմի բազմաթիվ դիմում-բողոքները, հեռագրերը և կառավարական նոտաները վրացական կողմի մոտ արդեն առաջացնում էին այն տրամադրությունը, որ այս ամենով Հայաստանը միջամտում է Վրաստանի ներքին գործերին: Փաստորեն Վրաստանը արդեն համոզել էր ինքն իրեն, որ այդ գավառամասը ոչ թե ժամանակավորապես, այլ ընդմիշտ մնալու է իր կազմում:
Գրեթե նույնն էր տեղի ունենում նաև Ախալքալաքի գավառի պարագայում. մինչ հայկական կողմը դանդաղկոտ քայլեր էր ձեռնարկում այս շրջանները հայկական զորամիավորումներ մտցնելու, գավառում հայկական վարչամիավորում ստեղծելու, կարճ ասված` տեր դառնալու իր պատմական հայրենիքին և այդ առթիվ հեռագրեր էր ուղարկում վրացական կողմին`սկսելու այդ առթիվ բանակցություններ, Վրաստանն արդեն «անցել էր գործի»` կատարելով իր հերթական «վճռական» քայլը: «...Այնինչ Հայաստանի կառավարությունն անտեղյակ էր, որ նույն օրը` դեկտեմբերի 5-ի առավոտյան արդեն վրացական կառավարությունը, որը մինչև այդ բռնազավթվել էր Լոռին, զորավար Մակաևի (Մաղաշվիլի) գլխավորությամբ զորք էր մտցրել Ջավախք և գրավել նրա կենտրոն Ախալքալաքը»([2], էջ 300): Պատճառաբանության մեջ ոչ մի նոր բան չէր ասվում. դեկտեմբերի 7-ին հայկական կողմին ուղարկված հեռագրում Վրաստանի արտգործնախարար Ե. Գեգեչկորին այս ամենը «բացատրում էր» տեղական բնակչության շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, (թե ով էր այդ պահին դրանք ոտնահարելու, եթե ոչ` հենց նույն Վրաստանը), նաև` պատմական, քաղաքական ու բարոյական տեսանկյուններից այն Վրաստանին պատկանելու «իրողությամբ»([2], էջ 300):
Եվ այսպես` դեկտեմբերի կեսին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Դա չկանխեց նաև Անդրկովկասում անգլիական զինվորական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Գրինի միջնորդությունը` պատերազմը չսկսելու և խաղաղ բանակցությունների միջոցով վեճերը հարթելու մասին:
1918թ. դեկտեմբերի 11-12-ին հայկական դիվիզիայի 4-րդ հետևակային գնդի մեկ գումարտակ Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Ախալքալաք և այնտեղ մտած վրացական զորքերի հետ ընդհարումից հետո հսկողության տակ վերցրեց գավառի մեծ մասը: Վրացական ուժերը քաշվեցին դեպի հյուսիս ([2], էջ 302):
Այլ էր իրադրությունը Լոռի-Բորչալուի շրջանում: Այս շրջաններում դրության տերը հայկական զորախմբի ղեկավար Դրոն էր (Դրաստամատ Կանայանը): Վերջինս նույնպես ռազմական գործողությունները նվազեցնելու պատրվակով դեկտեմբերի 17-ին հեռագիր ուղարկվեց վրացական զորքերի սպայական կազմին. «Վրացական հրամանատարությանը` Ձեր և Ձեր կողմից ղեկավարվող զինվորների կողմից հայկական բնակչության նկատմամբ գործադրված ճնշումներն անցնում են բոլոր հնարավոր սահմանները, որի հետևանքով և եղել է հայկական կառավարության հրամանը զենքի ուժով վերջ դնել բոլոր կարգի ճնշումներին հայկական աշխատավոր գյուղացիության նկատմամբ: Ուշքի եկե'ք, հիշեցե'ք, որ դուք դեմոկրատական հանրապետության զորքեր եք, որի գլուխ կանգնած են անձինք, որոնք ազդարարել են ժողովուրդների ինքնորոշման գաղափարը և անհապաղ մաքրեք մեր տարածքը, եթե դուք չեք ցանկանում հետագա արյունահեղություններ»([8], էջ 156): Իսկ վրացական կողմը ոչ միայն ուշքի չեկավ այս ամենից, այլև արտգործնախարար Ե. Գեգեչկորու հրամանով (1918թ. դեկտեմբերի) խզվեցին անգամ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև և ետ վերադարձվեց հուլիսի 22-ին տրված հավատարմագրերը([8], էջ 159):
Ռազմական գործողությունները շարունակվում էին Դրոյի հաղթանակներով: Դեկտեմբերի 15-20-ը վերջինս հասավ մինչև Շուլավերի շրջանը:
Ակնհայտ էր, որ պատերազմը ընթանում էր դաշնակից տերությունների աչքի առաջ և վերջիններս ունենալով տարածաշրջանում և հատկապես Վրաստանում սեփական շահերը, չէին կարող չմիջամտել դրան: Մի քանի այդպիսի անհաջող միջամտություններից հետո, ի վերջո, դեկտեմբերի 25-ին անգլիացի գեներալ Ռայկրոֆտը և ֆրանսիացի բնագետ Շարդինյին Վրաստանի վարչապետ Ն. Ժորդանիայի հետ ստորագրեցին զինադադարի մի համաձայնագիր, որը «… որոշում էր այն պահակազորերի քանակը, որոնք պետք է թողնեն վրացիների կողմից հյուսիսիային մասում, իսկ հայկական կողմից` Բորչալուի (Հյուսիսային Լոռի) գավառի հարավային մասում, ինչպես նաև վրացիների կողմից` Ախալքալաքի գավառում: Պահակազորերը պետք է լինեն սակավաթիվ: Վրացական զորքերը պետք է մնան իրենց գրաված այժմյան գծի վրա, հայկական զորքերը պետք է նահանջեն դեպի թուրքական գիծը` Դսեղ-Ջալալօղլի: Մեծ Բրիտանական ուղեկալները (պիկետ) պետք է գտնվեն վրացական և հայկական զորքերի միջև ընկած տարածությունում գտնվող երկաթուղային ճանապարհի վրա: Ադմինիստրացիան (վարչակազմը) այդ վիճելի մասում պետք է լինի խառը:
Ախալքալաքի գավառի վրացական վարչության վրա վերահսկողությունը իրականացնելու խնդիրը դրվում է դաշնակիցների հանձնախմբի վրա, որի կազմում ընդգրկվում են նաև տեղական հայկական և մուսուլմանական բնակչության ներկայացուցիչները»([8], էջ175): Ա. Ջամալյանի սուր բողոքից հետո անգլիացիները համաձայնագրի տակ ավելացրին հետևյալը «պ. Ջամալյանը համաձայն չէ Ախալքալաքի գավառը Վրաստանի կողմից գրավելու հետ»([8], էջ 175):
Հայոց պատմության մեջ արդեն «օրինաչափ» դարձած հանգամանքի համաձայն հայկական տարածքների պատկանելության հարցերը հերթական անգամ որոշվում էին առանց հայկական կողմի մասնակցության կամ համաձայնության: Դաշնակիցներին այս անգամ էլ դա հաջողվեց, ինչպես ցույց տվեց հետպատերազմյան կոնֆերանսը:

Մինչ կոնֆերանսին անդրադառնալը նշենք, որ դրանով ռազմական գործողությունները չդադարեցին: Դաշնակիցների միջնորդությամբ Ղարաքիլիսայում գտնվող հայկական պատվիրակության և վրաց ներկայացուցիչների կայացավ միջև համաձայնություն` զինադադարը գործողության մեջ դնել դեկտեմբերի 31-ին ժամը 24-ին: Մինչ այդ օրը վրացիները անցան կատաղի հակահարձակման Շուլավերի շրջանում: Նրանց օգնում էին նաև տեղի թուրք-թաթարները: Խիստ նվազ չափով համալրված և ծանր վիճակում գտնվող հայկական բանակի և վրացական զորքերի միջև վերջին ճակատամարտը տեղի ունեցավ Սադախլոյի մոտ: Դրոն որոշել էր գրավել Սադախլուն և վերջ տալ վրացական զորքերի հրամանատար Ծուլուկիձեին փոխարինած Մազնիևի բանակին: Բայց վրա հասավ ժամը 24-ը և պատերազմը կանգ առավ. ճակատամարտը ընդմիշտ մնաց անավարտ: Ս. Վրացյանը իր «Կյանքի ուղիներով»-ի Դ. հատորում գրում է. «Խորհուրդը միաձայն հաւանությամբ հարցի լուծումը հանձնեց հայկական բանակին` Դրօյի գլխաւորությամբ, և Դրօն, հայ տրեխաւոր զինուորութեան գլուխ անցած, յաղթանակից յաղթանակ առաջ շարժվեց դեպի Թիֆլիս: Եվ միայն անգլիական միջմտությունը փրկեց վրաց մայրաքաղաքը հայերի գրավումից»(Բեյրութ, 1965, հատոր Դ. էջ 186):
Բնավ չկասկածելով հայ լեգենդար զորավարի հմտությունների ու կարողությունների վրա, հարկ էր, սակայն, հաշվի առնել Հայաստանի ծանր կացությունը, երբ վերջինս գրեթե գտնվում է շրջափակման մեջ, չէր գործում նաև Բաթում-Ալեքսանդրապոլ երկաթուղին:
Իսկ այս ամենին զուգահեռ Թիֆլիսում և Վրաստանի այլ վայրերում սկիզբ էր առել մի վայրենի հակահայկական հիստերիա: Պատմաբան Վ. Վիրաբյանի փաստերով հարուստ վերոհիշյալ աշխատությունում բերված են հայ, ամերիկացի, անգամ վրացի գործիչների գրառումները, մամուլի արձագանքները. այս ամենի մասին: Վրաց հեղինակ Գ. Խաչապուրիձեն գրում է. «Վրաստանի և Հայաստանի ամոթալի եղբայրասպան պատերազմի ժամանակ մենշևիկները մեղադրեցին Վրաստանի տարածքում ապրող բոլոր հայերին հայրենիքի դավաճանության մեջ: Հալածանքը վերաբերվել է միայն աշխատավոր հայերին և առաջին հերթին բանվորներին, որոնց մենշեվիկները մեղադրեցին բոլշևիզմի և մենշևիկյան պետությունը ոչնչացնելու ձգտման մեջ: Քաղաքների բեռնաթափման քողի տակ և աշխատավորների օտարեկրյա հպատակության պատրվակով հայկական բնակչությունը սիստեմատիկ արտաքսվում էր Վրաստանի սահմաններից» ([8], էջ 191): Իսկ «Զանգ» թերթը 1918թ. դեկտեմբերի 30-ի համարում ամբողջացնում էր պատկերը. «Ամբողջ Վրաստանում կատաղի հալածանք է ստեղծվել հայերի դեմ: Թիֆլիսում վրացական կամայականությունն ու բռնությունները հայերի դեմ հասել են ծայրահեղ աստիճանների: Ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ խուզարկություններ: Խուզարկված են Վիրահայոց Ազգային խորհուրդը, Կովկ. Հայոց բարեգործական ընկերությունը և ուրիշ շատ հիմնարկություններ: Բանտարկված են Վիրահայոց Ազգ. խորհրդի անդամները, վրաց պառլամենտի անդամներ Տ. Ավետիսյանը, Դ. Դավիթխանյանը և ուրիշներ: Համարյա բոլոր հայտնի դաշնակցականները բանտարկված են: Բանտարկված են նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները: Բանտարկվածներին լցնում են ապրանքատար վագոններ և տանում Քութաիս: Ճանապարհներին նրանք ծաղրի ու անպատվության են ենթարկվում: Տները խուզարկելիս թալանվում են ու գողացվում են հայերի ինչքը և ոսկեղենը: Փակված են «Նոր Հորիզոն», «Աշխատավոր», «Զնամյա նարոդով», «Կավկազսկոյե սլովո» թերթերը: Խմբագիրները ձերբակալված են: Թիֆլիսի բոլոր միլիցիոներները` 476 հոգի զինաթափ են արված և հեռացված են պաշտօնից: Վրաստանը պատերազմ է հայտարարել փաստորեն ոչ թե Հայաստանի կառավարությանը այլ ամբողջ հայ ազգին»:
Իսկ այս ամենին հակառակ, ինչպես գրում էր Ա. Ջամալյանը «Հարենիք» ամսագրի 1929թ. ապրիլյան համարում « ...Անգլիացի կապիտան Դագլէզ Վիցերսը, որ հայ-վրացական զինադադարի պայմանները կնքել տալու համար Հայաստան գալով` մօտիկից ծանօթացել էր Դիլիջանում և Ղարաքիլիսէում գտնուած վրացի ռազմագերիների վիճակին`ասում էր մեզ. «Որ այս պատերազմը թիւրիմացութիւն է. դրա պերճախօս ապացույցն է այն փոխյարաբերութիւնը, որ գոյութիւն ունի վրացի ռազմագերիների և հայ ժողովրդի միջև: Այսպիսի մի բան անհնարին է երևակայել եվրոպական ռազմաճակատներում» (էջ 141):
Վրաց-անգլիական նախաձեռնությամբ կոնֆերանսը անցկացվեց Թիֆլիսում` 1919թ. հունվարի 9-17-ը: Վերջինս նախագծում էր անգլիական բանակի գնդապետ Ստյուարդը, որն էլ հակառակ հայկական կողմի առարկություններին և առաջարկություններին, կայացրեց համապատասխան որոշումներ, որոնք, բխելով բացառապես Վրաստանի շահերից, հօդս էին ցնդեցնում հայկական զենքի հաղթանակները այդ պատերազմում: Այսպես` հունվարի 13-ի նիստում քննարկելով Ախալքալաքի հարցը, որոշվեց մինչ դաշնակիցների ժամանումը այնտեղ տեղակայել վրացիների 800 հոգանոց մի զորախումբ, իսկ գավառում հաստատել վրացական վարչակարգ: Հայկական կողմի առաջարկությունները, այն է` Հարավային Բորչալուում (ներկայիս ՀՀ Լոռու մարզ) տեղակայել 600-ի հասնող զինվորներ, իսկ Ախալքալաքի վարչական մարմինները դարձնել ընտրովի, որով տեղի հայերը ևս հնարավորություն կունենան մասնակցելու գավառի ղեկավար մարմինների աշխատանքներին Ստյուարտի կողմից մերժվեցին: Վերջինս նշեց, որ այդ ֆունկցիաները կկատարեն դաշնակիցների զորքերն ու նրանց դիտորդները ([2], էջ 307):
Թիֆլիսյան կոնֆերանսն ավարտվեց հունվարի 17-ին, հայկական կողմին այդպես էլ բախտ չվիճակվեց նրանում ունենալու հաջողություններ. Ջավախքը դրվում էր վրացական վարչության վերահսկողության ներքո, որը իբր թե հսկելու էին Անտանտի երկրների լիազոր-ներկայացուցիչները: Ռազմական գծից ներքև (այսինքն այնտեղից, որտեղ գտնվում էին վրացական զորքերը զինադադարի պահին) հայտարարվեց Չեզոք գոտի: Այս փաստը նշում ենք ցույց տալու համար, որ արտաքինից կարծես դրա մասին «ոչինչ չասող» այս որոշման մեջ առկա էր խիստ կարևոր և իր հետագա ազդեցությամբ հեռուն գնացող մի ենթատեքստ. Լոռու այս մասին տալով «Չեզոք գոտի» նոր անվանում-կարգավիճակը, դրանով այն կարծես վեր է ածվում նոր` արհեստականորեն, բանակցությունների սեղանից ծնված մի վարչամիավորի, որը ինչպես տեսանք լրիվ չափով չէր ներառում պատմականորեն իրեն պատկանող ամբողջ տարածաշրջանը, որի մի մասը մնացել էր, փաստորեն, «հոկտեմբերի 31-ի ժամը 24.00-ի» գծից վերև:
Ամբողջացնենք. այս կարգավիճակը դրեց պատմական հայկական Լոռու տարածաշրջանի (որի հյուսիսային մասը, ինչպես արդեն նշել ենք, ժամանակի ընթացքում ստացել է «Բորչալու» անվանումը) մասնատման գործընթացի սկիզբը: Հետագայում, ինչպես այդ մասին անդրադարձել է պատմաբան Ա. Ա. Մելքոնյանը, 1921թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Ալ. Միասնիկյանի և Վրաստանի Հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանու միջև Թիֆլիսում կնքվեց հայ-վրացական սահմանի մասին պայմանագիրը, և եթե այդ պայմանագրով Ալեքսանդրապոլի և Ախալքալաքի միջև եղած սահմանազատման հիմքում ընկած էր նախկին ցարական վարչաբաժանման սահամագիծը (որը ևս հետագա տարիներին աղավաղվեց` հօգուտ Վրաստանի), ապա Լոռու Չեզոք գոտին (որը, ինչպես նշեցինք, բանակցային սեղանի վրա ստեղծված վարչամիավոր էր, որը կազմում էր իսկական տարածաշրջանի հարավային շրջանները) մնաց Հայկական ԽՍՀ-ի կազմում` կորցնելով ևս մի քանի գյուղեր. Իրգանչայ, Սաաթի, Ջանդար, Աղ-Քյորփի, Օփրեթ, Խոժոռնի, Բրդաձոր, Սադախլո գյուղերը 1921թ. նոյեմբերի 6-ի սահմանագծով մնացին Վրացական ԽՍՀ-ի կազմում: «Այսպիսով, - նշում է Ա. Մելքոնյանը, - քաղաքագիտական ու պայմանագրային գրականության մեջ գոյություն ունեցող այն տեսակետը, թե Լոռու Չեզոք գոտին ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի հուլիսի 7-ի որոշմամբ ամբողջովին անցել է Հայաստանին, չի համապատասխանում իրականությանը» ([2], էջ 345):
Այսպիսով, անցնելով պատերազմական և դիվանագիտական թոհուբոհների միջով, պատմական հայկական Լոռու տարածաշրջանը փուլ առ փուլ մասնատվեց և այսօր մասամբ է այն գտնվում ՀՀ-ի կազմում, իսկ Ախալցխայի և Ախալքալաքի գավառները` ամբողջությամբ, սակայն ոչ թե ՀՀ-ի, այլ Վրաստանի կազմում:
Անդրադառնալով հայ-վրացական պատերազմին հաջորդած հետագա մի քանի իրադարձություններին, նշենք, որ հարցը տեղափոխվել էր արդեն միջազգային ասպարեզ: 1919թ. փետրվարին տեղի ունեցած Բ. Ինտերնացիոնալի խորհրդաժողովում, որին մասնակցում էին Հայաստանից` Հ. Յ. Դաշնակցության, Վրաստանից` Սոցիալ-Դեմոկրատիայի ներկայացուցիչները, հարցը դնում են խորհրդաժողովի քննարկման օրակարգում: Խորհրդաժողովը որոշում է հարցը լուծել ըստ ազգերի ինքնորոշման սկզբունքի: Ակնհայտ էր, որ հարցը այս դեպքում կլուծվեր հօգուտ հայկական կողմի: Պարզ էր, որ վրացական կողմը սրան համաձայնվեց` Եվրոպայի աչքերին թոզ փչելու համար և իրականում ոչ մի հանրաքվե էլ չէր պատրաստվում իրականացնել: Սա ցույց էին տալիս Թիֆլիսում անցկացվող հայ-վրացական հանձնաժողովի նիստերը, որոնց ժամանակ վրացական կողմը լսել անգամ չէր ուզում հանրաքվեի մասին: Հայկական կողմի վրդովմունքն ավելի է մեծանում, երբ Բեռնի խորհրդաժողովից մի քանի շաբաթ անց, Ամստերդամում տեղի ունեցած Ընկերվար միջազգային խորհրդաժողովին վրաց Սոցիա-Դեմոկրատիայի ներկայացուցիչները, օգտվելով ՀՅԴ ներկայացուցիչների բացակայությունից, հայտարարել էին, թե հողային խնդիրների վերաբերյալ այլևս ոչ մի վեճ չկա հայերի ու վրացիների միջև: Այս առթիվ բողոքի նոտա է հղում 2-րդ ինտերնացիոնալի գործադիր մարմնին Իտալիայում Հայաստանի դեսպան Մ. Վարանդյանը, միաժամանակ պահանջելով, որ վերջինս ձեռնամուխ լինի բեռնյան որոշումների իրագործմանը:
1919թ. մայիսին Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի գործադիր մարմինը նորից անդրադարձավ հայ-վրացական տարածքային խնդիրներին: Վրաստանը հանդես եկավ նոր առաջարկով, որում վերջինս առաջ էր քաշում այն տեսակետը, թե հարցը կարելի է լուծել ոչ թե հանրաքվեի, այլ միջնորդ դատարանի (արբիտրաժի) օգնությամբ: Առաջարկը մերժվում է 2-րդ ինտերնացիոնալի գործադիր մարմնի կողմից, որը պնդեց Բեռնի խորհրդաժողովի որոշման վրա` միակ արդարացի սկզբունքը համարելով հանրաքվեն:
Որոշվեց այդ առթիվ տարածաշրջան ուղարկել արևմտյան ընկերվարներից (սոցիալիստներից) կազմված հատուկ հանձնաժողով: Սակայն վրացիների կարծր դիրքորոշման պատճառով հանրաքվեն տեղի չունեցավ: Հարցն այսպիսով մտավ փակուղի, որը բնականաբար ձեռնտու էր Վրաստանին:
Երկու ամիս անց հայ-վրացական վեճը նորից դրվում է քննարկման սեղանին, այս անգամ` Լյուցերնի Խորհրդաժողովում, այստեղ էլ մեկ անգամ ևս թղթի վրա վերահաստատվում է` հարցը համաժողովրդական քվեարկության ճանապարհով վճռելու նախորդ բոլոր որոշումները: Այստեղ, և հետագայում ևս մի քանի անգամ, հայկական կողմի բոլոր փորձերը` ի կատար ածել տալու այդ որոշումները, անցնում են ապարդյուն:
1919թ. օգոստոսի 29-30-ին հայ-վրացական խորհրդաժողով է տեղի ունենում Թիֆլիսում, որի ժամանակ վրաց պատվիրակության նախագահ Ն. Րամիշվիլին հայտարարում է, թե Հայկական Բորչալուի հյուսիսային մասը (վերջինս Հայկական Բորչալու ասելով ի նկատի ուներ, փաստորեն, ամբողջ Լոռու տարածաշրջանը), ինչպես և ամբողջ Ախալքալաք գավառը պատկանում են Վրաստանին: Դրա փոխարեն, մինչ Թուրքահայաստանի հարցի կարգավորումը (որը իր լուծումն էր գտնելու փարիզյան վեհաժողովում), վրացիները «համաձայնվում են» Հայաստանին թողնել Հայակական Բորչալուի հարավային մասը (այսինքն` Լոռու Չեզոք գոտին), որը արդեն առանց այդ էլ իրենց ձեռքում չէր գտնվում:
Այս դրությունը պահպանվեց հետագա մեկ-երկու փոթորկալից տարիներին, երբ հարցի առթիվ տեղի ունեցան բազմաթիվ խորհրդաժողովներ, քննարկումներ ու բանակցություններ, երբ շուտով գալու էր բոլշևիկյան դիկտատուրան և իր «մոգական» փայտիկով «լուծում էր տալու» բոլոր հարցերին:
Մեր ակնարկն ավարտենք Ա. Ջամալյանից մի մեջբերումով. «…Հայաստանի և Վրաստանի խորհրդայնացումից յետոյ` հայ-վրացական հողային վեճը մի փոքր լուծուել է: Հայկական Բորչալուի հարաւային մասը, որ կոչվում է Լոռի (ընդգծումը մերն է – Վ. Ս.: Ա. Ջամալյանը ևս «Հայկական Բորչալու» եզրը տարածում է այստեղ ամբողջ Լոռու տարածաշրջանի վրա) և որտեղ 1918թ-ի դեկտեմբերին հայ գյուղացիութիւնը զենք բարձրացրեց վրացական իշխանության դէմ, ներկայիս հիւսիսային սահմանի մի փոքրիկ շտկումով միացած է Հայաստանին: Դրա փոխարեն հայ կոմունիստները Վրաստանի անվիճելի սեփականութիւնն են հայտարարում Հայկական Բորչալուի հիւսիսային մասը - Լոռիից մինչև Խրամ գետը – որ պարփակում է մոտ 3000 քառ. վերստ տարածություն 35-40 հազար ազգաբնակչութեամբ, և ամբողջ Ախալքալաք գավառը» («Հայրենիք», Բոստոն, 1928, 28 ապրիլ, էջ 100-101):
Վահե Սարգսյան